ԵՐԵՎԱՆ, 25 հուլիս – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) վերադարձրել է 5 պատանդի մարմիններ, այդ թվում՝ 4 զինծառայողի, որոնք սպանվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակման ժամանակ։ Մարմինները հայտնաբերվել են Գազայի հարավում՝ Խան Յունիսում, ՑԱԽԱԼ-ի և ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) համատեղ գործողության ժամանակ։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Բանակի տվյալներով՝ վերադարձվել են զինծառայողներ Ռավիդ Արյե Կացի, Օրեն Գոլդինի, Տոմեր Ախիմաասի և Կիրիլալ Բրոդսկու, ինչպես նաև պատանդ Մայա Գորենի մարմինները։
Մարմինները հայտնաբերվել են հուլիսի 24-ին։ Իսրայելական տվյալներով՝ Գազայի հատվածում 115 իսրայելցի պատանդ կա, որոնցից ավելի քան 40-ը համարվում են մահացած: Տարբեր գործողությունների և մարդասիրական ջանքերի ընթացքում ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատ են արձակվել 140 պատանդ՝ ինչպես կենդանի, այնպես էլ մահացած: Ռուս դիվանագետներն ու ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ նպաստել են Ռուսաստանի երեք քաղաքացիների և Իսրայելի մի քանի քաղաքացիների ազատ արձակմանը: Սակայն ՌԴ երկու քաղաքացիներ դեռ գերության մեջ են։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։