ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ինչո՞ւ է Ալիևը պահանջում, որ լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխվի ՀՀ սահմանադրությունը և Հայաստան վերադառնան սովետական ադրբեջանցիները․ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ իր վերլուծությունը ներկայացնելով այս հարցերի շուրջ։
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկացած պահի անդրադառնալ արցախյան հիմնահարցին: Ըստ նրա՝ ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի խոր հակասությունների պատճառով այսօր այդ ձևաչափը սառեցված է։ Նախկին փոխնախարարը չի բացառում, որ Դոնալդ Թրամփի վերընտրվելը կարող է իրավիճակ փոխել։
«Բացի Ադրբեջանից, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ կողմերից մեկը չի հայտարարել արցախյան հիմնախնդրի լուծված լինելու մասին: ԵԱՀԿ ՄԽ–ն կարող է առնվազն պահանջել և ապահովել միջազգային այնպիսի անվտանգային երաշխիքներ և այնպիսի իրավաքաղաքական պայմաններ, որի պարագայում հնարավոր լինի ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի բնակավայրերը»,- նշել է Զաքարյանը։
Նա շեշտել է՝ Մինսկի խումբը չի կարող լուծարվել առանց պաշտոնական Երևանի համաձայնության։ Ըստ նրա՝ Ալիևը պահանջում է լուծարել Մինսկի խումբը՝ արցախյան հարցը միջազգային մակարդակում վերջնականապես փակելու նպատակով։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջին, Զաքարյանի կարծիքով՝ նպատակն է զրկել ՀՀ հաջորդ իշխանություններին և հայ ժողովրդին արցախյան հիմնախնդրին անդրադառնալու, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու իրավաքաղաքական հիմքերից:
«Սովետական ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու պահանջով Ալիևը փորձում է նախապես կանխել կամ առնվազն հակակշռել արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավոր միջազգային պահանջները»,- կարծում է Զաքարյանը։
Նա չի բացառում, որ գլոբալ կոմունիկացիաների բացվելուց հետո Հայաստանը կարող է լավ դիրքեր ստանալ տարածաշրջանում և կրկին գործոն դառնալ, ուստի ադրբեջանցիներին կրկին Հայաստան վերադարձնելով՝ Ալիևը փորձում է կանխել հնարավոր վտանգները։
«Ի տարբերություն մեզ՝ թուրքական քաղաքականությունը հեռատես է և երբեք չի դադարում պայքարը հայկական գործոնը Հարավային Կովկասից վերացնելու ուղղությամբ: Այդ քաղաքականությունն ակնառու էր նույնիսկ սովետական տարիներին հայաթափվող Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում և Սովետական Ադրբեջանի այլ հայաշատ շրջաններում»,- ընդգծել է նախկին փոխնախարարը։
Զաքարյանի խոսքով` Ալիևն ամեն կերպ պայքարում է ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ինքնիշխան և զարգացող Հայաստանի Հանրապետության դեմ, Նիկոլ Փաշինյանի միջոցով ցանկանում Հայաստանը դարձնել թուրքական գործոնից կախյալ՝ զուրկ սեփական ինքնությունից ու ազգային նկարագրից: