ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ վետերանների առաջնության նախավերջին՝ 8-րդ, տուրում սև խաղաքարերով պարտության է մատնել միջազգային վարպետ Ռութ Դուգլասին։ Այս մասին հայտնում է chess.com շախմատային պորտալը։
Վաստակելով 6,5 միավոր՝ նա անհասանելի Է դարձել մրցակիցների համար ու նվաճել ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնի տիտղոսը: Հայ շախմատիստը մեկուկես միավորով գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած գրոսմայստեր Ջեսի Կրային:
Ութ պարտիաներում Վլադիմիր Հակոբյանը տարել է հինգ հաղթանակ, երեք խաղ ավարտել ոչ-ոքի:
Նույն մրցաշարում է հանդես գալիս նաև մեկ այլ հայ շախմատիստ՝ Լևոն Արոնյանի նախկին մարզիչ, գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը։ Նա 3,5 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։
Նշենք, որ մրցույթին մասնակցում է 10 շախմատիստ։