ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Ուկրաինայում խաղաղության մասին բանակցություններն առանց Ռուսաստանի և Չինաստանի մասնակցության իմաստ չունեն։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը։
Չեխիայի նախագահի խոսքով՝ Չինաստանը պետք է կատարի այն դերը, որին ձգտում է:
«Դա նշանակում է, որ այն կարևոր գլոբալ խաղացող է, անկասկած՝ տնտեսության, ֆինանսների ոլորտում, բայց ոչ, օրինակ, խաղաղության ապահովման քաղաքականության մեջ», - կարծում է Պավելը:
Ավելի վաղ Չինաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի լուծման համար երկիրն առաջ է տանում խաղաղ բանակցությունների գաղափարը, մինչդեռ ՆԱՏՕ-ի երկրներն անընդհատ կրակի վրա յուղ են լցնում և օգտվում պատերազմից օգուտ քաղելու հնարավորությունից:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով բանակցությունների մասին Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքերը, հայտարարել է, որ Կրեմլում չգիտեն, թե ինչ է կանգնած դրանց հետևում և հույս ունեն մոտ ժամանակներս պարզաբանումներ ստանալ: Ընդ որում, Պեսկովը կարծիք է հայտնել, որ Կիևը վերադարձել է բանակցությունների մասին խոսույթին, քանի որ հիմա իր համար «ակնհայտորեն հեշտ չէ»:
Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելք է դրել դրանց վրա։ Արևմուտքում անտեսում են երկխոսությունից Կիևի մշտական հրաժարումները։ Ինչպես հայտարարել են Կրեմլում, Ուկրաինայում իրավիճակը կարող է խաղաղ հունի մեջ մտնել՝ հաշվի առնելով փաստացի իրավիճակը և նոր իրողությունները․ Մոսկվայի բոլոր պահանջները շատ լավ հայտնի են։