ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանում արտադրված բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հայտնաբերման և լաբորատոր փորձաքննությունների իրականացման համար ՀՀ կառավարությունը 45 մլն դրամ հատկացրեց։ Որոշումն ընդունվեց այսօրվա նիստի ժամանակ։
Ներկայացնելով նախագիծը` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը նշեց, որ այսպիսով կհաստատվի մոնիթորինգային ծրագրի կատարման ժամանակացույցը։
Ըստ նրա` ծրագրի նպատակն է հսկողություն սահմանել ՀՀ–ում արտադրված և արտահանվող բուսական ծագման մթերքի վրա` պարզելու պեստիցիդների, նիտրադների, ծանր մետաղների մնացորդների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների քանակը։
«Այդ ուղղությամբ ՀՀ–ում բավականին երկար ժամանակ ուսումնասիրություններ չեն իրականացվել։ Վերջին ծրագրերն իրականացվել են 2019–22 թթ. կոնկրետ պտուղ–բանջարեղենների համար։ Այս ծրագիրն արդեն իսկ ներառելու է ամբողջ հանրապետությունը»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում արտադրվող մթերքի որակը ավելի կբարձրանա, ու այն ավելի մրցունակ կդառնա։ Բացի այդ, որակ ապահովող տնտեսվարողներին ՀՀ կառավարությունը կարող է հետագայում համապատասխան օժանդակություն տրամադրել։