ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. 2-3 ամիս սպասելը պլանային բժշկական միջամտության համար սարսափելի չէ, շատ նորմալ է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նշենք, որ արդեն 2 ամիս է` քաղաքացիներն ահազանգում են, որ պետպատվերով բժշկական ծառայություն ստանալու համար ստիպած են ամիսներով սպասել։
«Ես միշտ կրկնում եմ, որ մինչև 4-6 ամիս ժամկետում անհրաժեշտ պլանային միջամտություն ստանալը լրիվ տեղավորվում է միջազգային ստանդարտների մեջ։ Այո՛, մենք ամեն ինչ անում ենք, որ հերթերը հնարավորինս կարճ լինեն։ Առաջիկայում մենք նախագիծ ենք ներկայացրել որոշակի վերաբաշխումներ իրականացնելու համար, և այդ հերթերն է՛լ ավելի կկրճատվեն»,–ասաց Ավանեսյանը։
Նա ընդգծեց` բուժառուները պետք է հասկանան, որ կա երկու տիպի բժշկական օգնություն` անհետաձգելի և պլանային։ Պլանային բուժօգնություն ստանալը մշտապես լինելու է հերթագրումով։
Նշենք, որ դեռևս նախորդ տարեվերջին Ավանեսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով «օֆերտայի» պայմանագիրը։
Հիշեցնենք` պետպատվերի գործընթացում արված փոփոխությունները գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակում, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի։