ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Այս գիշեր իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, ադրբեջանցի սահմանապահներից երկուսը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պաշտոնական տվյալներով՝ հուլիսի 24-ին` ժամը 03:30-ի սահմաններում, պետական սահմանապահ ծառայության «Գեյթեփե» սահմանապահ ջոկատի տարածքում նկատվել են Իրանի կողմից պետական սահմանը խախտած 2 անհայտ անձինք:
«Անտեսելով սահմանապահների օրինական պահանջները՝ սահմանախախտները զինված դիմադրություն են ցուցաբերել և հետ փախել՝ օգտվելով մթությունից և դժվարանցանելի տեղանքից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զինված միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներ ստացած երկու սահմանապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: