Վաշինգտոնն ու Բաղդադը պայմանավորվել են կոալիցիայի զորքերի մի մասը դուրս բերել Իրաքից

Իրաք
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է զորքերը դուրս բերել Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ Ասադ ռազմաբազայից, սակայն չի ցանկանում լքել Էրբիլում գտնվող Հարիր ռազմակայանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրաքը պայմանավորվել են սկսել միջազգային կոալիցիայի ամերիկյան զորքերի մի մասի դուրսբերումը երկրի ռազմակայաններից: Տեղեկությունը հայտնում է «National» պարբերականը՝ հղում անելով Իրաքի կառավարությանը մոտ կանգնած անանուն աղբյուրներին։
«Բաղդադն ու Վաշինգտոնը պայմանավորվել են սկսել երկրում միջազգային կոալիցիայի կազմում գործող ամերիկացի զինվորականների մի մասի դուրսբերումը»,-ասվում է հրապարակման մեջ:
Աղբյուրները նաև հայտնել են, որ ԱՄՆ-ն պատրաստ է զորքերը դուրս բերել Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ Ասադ ռազմակայանից, սակայն չեն ցանկանում լքել Էրբիլում գտնվող Հարիր ռազմակայանը, քանի որ կարծում են, որ ռազմակայանը դեռևս կարևոր է Սիրիայի տարածքում ԻՊ-ի դեմ գործողությունների համակարգման համար:
Իրաքի իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ 2014 թվականին երկիր զորքեր մտցնելու ժամանակ դրան համաձայնություն չեն տվել։
Ընդ որում, ինչպես հաղորդում է պարբերականը, ամերիկացի զինվորականների մի մասը կմնա Իրաքում՝ անվտանգության մասին նոր համաձայնագրերի շրջանակներում:
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով մի քանի աղբյուրի, հայտնել էր, որ Իրաքի իշխանությունները մտադիր են հասնել սեպտեմբերին երկրից միջազգային ռազմական կոալիցիայի զորքերի դուրսբերման մեկնարկին, իսկ մինչև 2025 թվականի սեպտեմբեր՝ Իրաքում նրանց աշխատանքի պաշտոնական ավարտին: