ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդն (ԱՆԻՖ) իր առջև ճիշտ խնդիրներ է դրել ու դրանք կատարել։ Այս մասին լրագրողների հետ ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավելի վաղ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ ԱՆԻՖ-ի աշխատանքում լուրջ սխալներ ու չարաշահումներ են եղել այն ժամանակ, երբ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր։
«Իմ մոտ այնպիսի զգացողություն է առաջանում, որ տարբեր պաշտոնյաներ ինչ-որ մի ժամանակ պաշտոնի լինելուց հետո ինչ-որ x, y, z պատճառներով պաշտոնի զրկվում են, և հետո ստացվում է, որ իրենք արդարության առաջամարտիկներ էին, իրենք միշտ պայքարում էին արդարության համար, իսկ բոլոր մնացածը վատն էին և հակառակ տրամաբանությամբ գործողություններ էին իրականացնում։ Չեմ ուզում նույնիսկ մտնել այդ բանավեճի մեջ»,–ասաց Ավինյանը։
Նա հայտարարեց, որ եղել է ԱՆԻՖ–ի խորհրդի նախագահը և դրա դիմաց վարձատրությւուն չի ստացել, բայց ֆոնդը մեծածավալ ծրագրեր է բերել Հայաստան։ Ավինյանը բերեց արաբական «Մասդար» ընկերության հետ ԱՆԻՖ–ի համագործակցության օրինակը, որի օգնությամբ նախաձեռնվել է արևային կայանների կառուցման նախագիծը։ Նրա խոսքով, դրանից հետո միայն տարածաշրջանի մյուս երկրները նույն ընկերության հետ նախաձեռնել են նմանատիպ նախագծեր։
«Ժամանակը շատ բան իր տեղը կդնի, թե ով էր ճիշտ, ով սխալ, ով ինչ ասեց, չարաշահում եղա՞վ, թե՞ ոչ»,–ասաց նա։
Ավինյանը կարծում է, որ Քերբյանը չի հասկանում այդ ծրագրերի արժեքը և չի գնահատում դրանք, այլ միայն կենցաղային մակարդակով վեճի մեջ է մտնում։ Նրա խոսքով, իրականացվող ցանկացած լայնածավալ ծրագիր իր հետ բերում է տասնյակ նոր ծրագրեր։
«ԱՆԻՖ-ի խնդիրն էր իրականացնել նման ծրագրեր, և ես կարծում եմ, որ իրենք ճիշտ են դրել խնդիրը և կատարել»,- եզրափակեց նա։
Նշենք, որ 2024 թվականի մայիսին կառավարությունը որոշել է լուծարել ԱՆԻՖ-ը։
2022–2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: Քննչական կոմիտեն այժմ ուսումնասիրում է այդ գործերը։
Արժույթի միջազգային հիմնադրամը 2023 թ-ին ԱՆԻՖ-ում հայտնաբերեց նաև հաշվետվությունների և կառավարման հետ կապված խնդիրներ, ինչը հանգեցրեց դրա գործունեության սահմանափակմանը ՀՀ կառավարության կողմից: