ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Կրեմլում հարգանքով են վերաբերվում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը, բայց հույս ունեն, որ այն չի վնասի Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր հույսը Հայաստանի քաղաքական իմաստությունն է։ Մենք հարգանքով ենք վերաբերվում նման փնտրտուքներին և չէինք ցանկանա, որ այդ որոնումները իրականացվեն այն կերպ, ինչպես ժամանակին արել էր Կիևի ռեժիմը, այսինքն՝ «կամ–կամ»,– սկզբունքով։ Քաղաքական տեսլականի այլընտրանքի բացակայությունն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,– մեկնաբանել է Պեսկովը` անդրադառնալով Հայաստանին 10 մլն եվրոյի ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու ԵՄ որոշումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ-ն 10 մլն եվրոյի չափով օգնություն է տրամադրել Հայաստանին վրաններ գնելու համար։
Միաժամանակ Պեսկովը նշել է, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում իր փոխգործակցության գերակա ուղղությունները:
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից և եղբայրական երկիր է:
«Մենք տրամադրված ենք շարունակել մեր ջերմ հարաբերությունները և զարգացնել դրանք։ Մենք համատեղ շատ ծրագրեր ունենք»,– ավելացրել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ներգրավված են բազմաթիվ ինտեգրացիոն նախագծերում: