Երևանում 27-ամյա երիտասարդը գողացել է նախկին ընկերուհու հեռախոսն ու փորձել վարկ ձևակերպել

Հեռախոս. Արխիվային լուսանկար
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով և նրան ձերբակալելու որոշում է կայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. 27-ամյա երիտասարդը Երևանի Կամոյի անվան դպրոցի մոտ հանդիպել է նախկին ընկերուհուն, ընկերոջը զանգելու պատրվակով վերցրել է կնոջ հեռախոսը։ Այնուհետև չվերադարձնելով հեռախոսը՝ քաշքշել է նրան, հարվածներ հասցրել ոտքին, ինչի հետևանքով կինն ընկել է գետնին, իսկ պայուսակն ընկել է ձեռքից։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։
Մեկ այլ տղամարդ այդ ժամանակ վերցրել է կնոջ պայուսակն ու փախուստի դիմել։ Պայուսակի մեջ եղել են բանկային, նույնականացման քարտեր, այլ փաստաթղթեր և գումար։ Վերջինիս բռնելու պատրվակով, կնոջ հեռախոսը ձեռքին, փախուստի է դիմել նաև 27–ամյա երիտասարդը։
«Պարզվել է, որ 27–ամյա երիտասարդը, հեռախոսի միջոցով հասանելիություն ստանալով նրա անձնական և բանկային տվյալներին, կնոջ անվամբ, նույնականացման քարտի միջոցով, շուրջ 4,3մլն դրամի չափով առցանց վարկ է ձևակերպել և փորձել բանկային քարտից խոշոր գումարային փոխանցում կատարել մեկ այլ ֆիզիկական անձի բանկային քարտի, որը չի հաջողվել։ Իսկ վարկի տրամադրումը կասեցվել է տուժողի կողմից այդ ընթացքում կանխարգելիչ նպատակներով իր հաշիվներն արգելափակելու համար բանկ զանգահարելու արդյունքում»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ավազակություն, փաստաթղթեր հափշտակելու և խարդախության փորձ հոդվածներով։
Երիտասարդին ձերբակալելու որոշում է կայացվել։ Նախաքննությունը շարունակվում է։