Արևելքի Դիանան. Դուբայի էմիրի դստեր աննախադեպ քայլը

Արքայադուստր Մահրան
Sputnik
Արևելյան գեղեցկուհիներից մեկը՝ Դուբայի էմիրի և վարչապետի աղջիկը, արքայադուստր Մահրան, անցած շաբաթ աննախադեպ քայլի է դիմել՝ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրելով հետևյալ գրառումը. «Սիրելի՛ Ամուսին, քանի որ դուք այլ ընկերուհիներով եք տարված, ես հայտարարում եմ մեր ամուսնալուծության մասին։ Ես բաժանվում եմ, բաժանվում եմ, բաժանվում եմ ձեզնից։ Պահպանե՛ք ինքներդ ձեզ։ Ձեր նախկին կին՝ արքայադուստր Մահրա»։
«Բաժանվել» բառի եռակի կրկնությունը ամենևին պատահական չէ և ոչ էլ նպատակ ունի խորացնելու հուզական ազդեցությունը։ Շատերը հաստատ գիտեն, որ մահմեդական աշխարհում գործում է այսպես կոչված «եռակի թալաքի» կարգը, երբ ամուսինը կարող է պարզապես երեք անգամ բարձրաձայն արտասանել կամ գրել, որ բաժանվում է, ինչից հետո զույգն ամուսնալուծված է համարվում։
Դեմոկրատական կուսակցությունը հաղթեց Թրամփին, Քամալա Հարիսը կհաղթի՞ կուսակցությանը
Ճիշտ է` որոշ երկրներում, օրինակ` Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում և Մարոկկոյում ամուսնալուծության նման հեշտացված եղանակն արգելված է։ Բացի այդ, խիստ կասկածելի է՝ արդյոք այդ եռակի թալաքից իրավունք ունի՞ օգտվելու նաև կինը։ Սովորաբար կինը դիմում է շարիաթի դատարան, որն էլ հաստատում է ամուսնալուծությունը։ Բայց տվյալ դեպքում ակնհայտ է, որ արքայադուստր Մահրան, նման քայլի դիմելով, նաև մարտահրավեր է նետում՝ իսկ ինչո՞ւ պիտի կինը ամուսնուն հավասար իրավունքներ չունենա։ Եվ վերջապես՝ բա էլ ո՞վ պիտի ցուցադրեր իր ազատությունն ու անկախությունը, եթե ոչ այն կինը, որը մեծացել և դաստիարակություն է ստացել Եվրոպայում։
Այո՛, Մահրայի հայրը՝ Մոհամմեդ իբն Ռաշիդ ալ Մաքտումին, Արաբական Էմիրությունների ամենահարուստ մարդկանցից մեկն է ու նաև թագավորական ընտանիքի անդամը, մայրը ազգությամբ հույն Զոյա Գրիգորակոսն է։ Նրանք նույնիսկ պաշտոնապես ամուսնացած էլ չեն եղել, պարզապես փոխադարձ համաձայնությամբ ապրել են միասին։ Ընդ որում` շեյխը արդեն մի քանի կին է ունեցել։ Բայց երբ ծնվեց Քրիստինան (հենց այդպես է նրա իսկական անունը), մայրը վերցրեց աղջկան և տեղափոխվեց նախ Լոնդոն, հետո էլ Հունաստան, որտեղ Քրիստինան մեծացավ եվրոպական ազատության մթնոլորտում որպես քրիստոնյա։ Հայրը ամեն ինչ շատ հանգիստ ընդունեց և շարունակում էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել դստերը։ Ու հանկարծ ամեն ինչ փոխվեց։
Հենց որ Քրիստինան դարձավ 16 տարեկան, չգիտես ինչու, որոշեց ապրել հոր հետ, անսպասելի մեկնեց Դուբայ, ստացավ Մահրա նոր անունն ու դարձավ արքայադուստր, հետո ավարտեց բրիտանական համալսարաններից մեկը և Դուբայի պետական ակադեմիան, որը, ի դեպ, հայրն է հիմնել։ Նրա մասին սկսեցին խոսել բոլորը, իսկ մի քանի տարի առաջ նա ընդգրկվեց Արևելքի ամենագեղեցիկ կանանց տասնյակում։ Ինչպես կասեր ընկեր Սաախովը, «Եվրոպուհի, գերազանցիկ ուսանողուհի և վերջապես գեղեցկուհի»։ Անցած տարի Մահրան ամուսնացավ իր հեռավոր ազգական շեյխ Մանա բին Մոհամմեդ բին Ռաշիդի հետ։ Հարսանիքը ճոխ էր, իսկ հետո կրկնվեց իշխանուհի Դիանայի պատմությունը, բայց արագացված տեմպով։
Մեծ հնդկական հարսանիք. մի քանի ամիս տևած արարողության համար 600 միլիոն դոլար է ծախսվել
Դիանայի և Չարլզի ամուսնությունն այնուամենայնիվ բավական երկար տևեց, չնայած դեպքերի զարգացումը երկու դեպքում էլ նույնն է՝ երջանիկ կյանքի հույսեր, հետո միմյանցից օտարում և միայնության ծանր զգացում, կասկածներ, տարաձայնություններ, վեճեր… Անցած տարվա նոյեմբերին, երբ «Harper's Bazaar Arabia» հանդեսի թղթակիցը երջանիկ ամուսնության մասին հարց ուղղեց Մահրային, արքայադստեր պատասխանից արդեն կարելի էր եզրակացնել, որ կան պահեր, որոնք նա պարզապես ցանկանում է շրջանցել. «Ես համեմատաբար վերջերս եմ ամուսնացել և չեմ կարող շատ բան ասել, թե ինչպիսին է երկարամյա ամուսնական կյանքը։ Տեսակետների տարբերության պատճառով ծնվող պրոբլեմները ամուսնության բնական մասն են և ի վերջո կարող են նպաստել կողակցի հետ ձեր մերձեցմանը»։ Նկատե՛ք` արդեն այն ժամանակ Մահրան ամուսնական երջանկության մասին գերադասել է ընդհանրապես չխոսել։ Ինչպես ասում են, հասկացողը կհասկանա։
Իսկ անցած ամսվա սկզբին, երբ մայիսին ծնված երեխան դարձավ մեկ ամսական, արքայադուստրը սոցցանցերում տեղադրեց իր և երեխայի լուսանկարը շատ կարճ գրառմամբ. «Միայն մենք երկուսով»։ Արդեն միանգամայն պարզ էր, որ ընտանիքի հոր բացակայությունը նկարում բոլորովին պատահական չէ։ Կարելի է ենթադրել նաև, որ Մահրան այն ժամանակ արդեն կայացրել էր իր որոշումը։ Հիշեցի Լեդի Դիի մասին կենսագրական գրքի հեղինակ Էնդրյու Մորտոնի խոսքերը. «Եթե Դիանան որոշում էր կայացնում, միշտ գնում էր մինչև վերջ։ Դպրոցը չէր սիրում և ի վերջո թողեց դպրոցը։ Մասնագիտությունը դուր չէր գալիս, փոխում էր մասնագիտությունը, այսինչ զբաղմունքից զզվում էր, ուրեմն չէր զբաղվում։ Եվ ամուսնությունից որոշ ժամանակ անց արդեն կարելի էր կռահել, թե ինչպես է ավարտվելու համատեղ կյանքը»։
Իհարկե, արքայադուստր Մահրայի դեպքում էլ կարելի է պնդել, թե կատարվածն աննախադեպ էր, բայց կանխատեսելի։ Ուղղակի, ինչպես ասում էր հայտնի կինոնկարի հերոսը. «Արևելքը նուրբ բան է»։ Եվես, օրինակ, չէի համարձակվի հաստատ ասել, թե ինչպիսին է լինելու այս պատմության շարունակությունը։