Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդիպել է գործարար Վլադիսլավ Բակալչուկի հետ և հայտնել, որ հանձնարարել է Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին ուսումնասիրել «Wildberries»–ի և արտաքին գովազդի օպերատորի` «Russ» խմբի միավորման շուրջ ստեղծված իրավիճակը:
«Այսօր ինձ հյուր է եկել իմ ընկեր Վլադիսլավ Բակալչուկը, որին ճանաչում եմ մոտ 10 տարի։ Պարզվոմ է` դեռևս այս տարվա մարտից Բակալչուկը լուրջ խնդիրներ ունի ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ ընտանեկան բիզնեսում: Վլադիսլավ Սերգեևիչի կնոջը՝ Տատյանային, ռեյդերները բաժանել են ամուսնուց և յոթ երեխաներից։ Ամուսինները հնարավորություն չունեն տեսնելու և շփվելու, որպեսզի գոնե կարողանան քննարկել տեղի ունեցածը»,– ասել է Կադիրովը հանդիպման ժամանակ, որի տեսանյութը հրապարակվել է Telegram-ում։
Կադիրովը հայտարարել է, որ «Wildberries»–ի ակտիվները հուլիսի սկզբից իրավաբանական մեքենայությունների միջոցով «Russ Outdoor» ընկերության միջոցով արագ հայտնվել են այլ անձանց ձեռքին, ինչը նման է ռեյդերական զավթման, որում ներգրավված են Լևան Միրզոյանն ու մի քանի հայտնի կովկասցիներ: Նրա խոսքով` այդ անօրինական գործողությունների մասնակիցները պետք է կանգնեցնեն այդ գործընթացը։
Չեչնիայի ղեկավարը խոստացել է զբաղվել հարցի լուծմամբ։
«Ես չեմ կարող հեռու մնալ երկրի խոշոր մեքենայություններից, ուստի կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ Տատյանա Վլադիմիրովնային վերադառնալ ընտանիք և պաշտպանվի օրինական բիզնեսը»,– ասել է Կադիրովը:
Անցյալ շաբաթ «Forbes»–ը գրել էր, որ հուլիսի սկզբին «Wildberries»–ը լքել են միանգամից մի քանի թոփ–մենեջերներ, այդ թվում՝ մեկ ամիս առաջ գործադիր տնօրեն նշանակված Օլգա Նաումովան, որը նախկինում եղել է «Magnit»–ի և «X5 Group»–ի թոփ–մենեջերը: Պարբերականի աղբյուրներով՝ նրա հեռանալու հիմնական պատճառը սեփականատերերի հետ տարաձայնություններն են եղել, որոնք կապված են եղել ընկերության կառավարման մասնակցության հետ։ Միաժամանակ «Wildberries»–ը հայտարարել է, որ գործադիր տնօրեն Նաումովան շարունակում է աշխատել ընկերությունում, իսկ գործադիր տնօրեն Ալեքսեյ Դուխանինը և ֆինանսական տնօրեն Իրինա Մատաչունասը իսկապես հեռացել են ընկերությունից:
Հունիսի վերջին «Wildberries»–ը և Ռուսաստանի արտաքին գովազդի խոշորագույն օպերատոր «Russ» խումբը հայտարարեցին միավորման և նորագույն թվային առևտրային հարթակի ստեղծման մասին։ Նշվում էր, որ էլեկտրոնային առևտրի և գովազդի շուկայի առաջատարների համախմբումը թույլ կտա նոր խաղացող ստեղծել տնտեսության, ֆինանսների, մեդիայի, առևտրաարդյունաբերության, ինտերնետ տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ առևտրի և գովազդի ոլորտներում: Այս կերպ բիզնեսը կարող է եզակի և մատչելի գործիք օգտագործել իր արտադրանքը խթանելու համար: