ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Սևան քաղաքում 4 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Երեխայի ընկնելուց հետո մայրն է իրեն նետել, որ երեխային փրկի:
«Հուլիսի 22-ին ժամը 19։57 Սևան Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Սևանի Շինարարների փողոցի 1-ին շենքի 3-րդ հարկի պատուհանից ընկնելու հետևանքով վնասվածքներ ստացած 2020թ․ ծնված տղա երեխա է իրենց մոտ տեղափոխվել, իսկ ժամը 21։13-ին նույն Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի 3-րդ հարկից ցատկելու հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել 1993թ․ ծնված մի կին»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Փոքրիկին տեղափոխել են Երևան: Երեխայի մայրը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունի:
Դեպքի հանգամանքները պարզվում են։