Քանի Արցախն ազատ չէ, չեմ լռելու. Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Գերասիմ Վարդանյան
Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին հետաձգել դատավարությունը, որպեսզի կարողանա ծանոթանալ գործի մանրամասներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 6-ը։ Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին հետաձգել դատավարությունը, որպեսզի կարողանա ծանոթանալ գործի մանրամասներին։
«Այս ամենն արվում է նրա համար, որ ինձ լռեցնեն, ինձ հնազանդեցնեն, ես մի բան կարամ ասեմ` ինձ լռեցնել ու հնազանդեցնել հնարավոր է միայն ու միայն Արցախի ու Հայաստանի ազատությամբ: Քանի Արցախն ազատ չէ, չեմ լռելու, քանի Հայաստանն ամեն օր շղթայվում է, չեմ լռելու, չեմ հնազանդվելու»,- դատարանի դահլիճում հայտարարեց Գերասիմ Վարդանյանը:
Դատական նսիտից հետո ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ գործը քաղաքական է, որը իրավականորեն ոչ մի հեռանկար չունի։
«Գերասիմին ու մյուս պայքարողներին փորձում են վերագրել մի բան, որը իրականության հետ ոչ մի առնչություն չունի, իսկ Գերասիմի նկատմամբ առավել դաժան իրավական գործիքակազմի օգտագործումն էլ պարզ է։ Էս մարդիկ բայց չեն գիտակցում, որ սրանով պայքարող տեսակին ընկճել հնարավոր չէ»,– ասաց նա։
Հավելենք, որ իշխանական կայքերում տարածվել էր մի ձայնագրություն, որում իբրև թե Գերասիմ Վարդանյանը հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարները, ում և ինչքան կաշառք տալ։
Հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է 2 ամսով։
Ավելի վաղ ՀՅԴ կուսակցության գրասենյակներում խուզարկություններ էիր իրականացվել։ Վարդանյանը ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։