ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի ղեկավար Թոնի Ռադակինը խոստացել է մինչև 2027 թվականը կրկնապատկել բրիտանական բանակի «մահաբերությունը»: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Guardian»–ին։
Ավելի վաղ նախկին վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել էր ընտրություններում պահպանողականների հաղթանակի դեպքում երիտասարդների համար պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն սահմանելու մտադրության մասին:
«Guardian»-ի տվյալներով՝ Ռադակինը մատնանշել է բրիտանական բանակի ֆինանսական խնդիրները` անձնակազմի, սարքավորումների, պաշարների և տեխնոլոգիաների պակասը: Նա կարծում է, որ բանակը կարող է արդարացնել լրացուցիչ ներդրումները, եթե դրա արդյունավետությունը բարձրանա։