ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին կալանավորվել է ոչ սթափ վիճակում Քաջարան քաղաքի բնակիչ 35-ամյա և 46-ամյա տղամարդկանց դանակահարելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում վիճաբանության է բռնկվել վերհոիշյալ տղամարդկանց հետ, երբ վերջիններս դիտողություն են արել նրա ընկերուհուն, որը հայհոյանքներ է հնչեցրել։
«27-ամյա բնակչուհին խուլիգանական դրդումներով, իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, չնչին առիթն օգտագործելով, դանակի գործադրմամբ դիտավորությամբ հարվածել է Քաջարան քաղաքի 35-ամյա բնակչին։ Այնուհետև, նույն դանակի գործադրմամբ, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ հարվածել է նաև Քաջարան քաղաքի մեկ այլ՝ 46-ամյա տղամարդուն»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննության ընթացքում կինը տվել է խոստովանական ցուցմունք և զղջացել կատարվածի համար։
Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) կետով:
Չարենցավանում անչափահասների վիճաբանությունը վերածվել է դանակահարության. կա վիրավոր
Последний редактировал: Sara Galstyan