Համացանցի միջոցով թմրամիջոցների շրջանառության 147 դեպք` 2024–ին. ի՞նչ է առաջարկում ՆԳՆ–ն

Telegram -ալիք
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի ավելացումը պայմանավորված է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի արձանագրման աճով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում, գրում է «Փաստ» օրաթերթը: Նախագծի ընդունմամբ կապահովվեն Հայաստանի տարածքում առավել խիստ հսկողական մեխանիզմներ համացանցի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում։
«Նախագծով նախատեսվող կարգավորմամբ` տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք։ ՆԳՆ-ն ներկայացրել է մի շարք վիճակագրական տվյալներ ևս»,–գրում է թերթը:
Ըստ ՆԳՆ-ի նախագծի` 2024 թ. ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 147 դեպք, որոնցից 36-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, իսկ 111-ը՝ ձեռքբերման:
2023թ.-ի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինները հայտնաբերել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 5070 դեպք, 2022թ–ի 2266-ի դիմաց, գրանցվել է աճ 2804 դեպքով կամ 123,7 տոկոսով:
Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կտրուկ ավելացումը պայմանավորված է ընթացիկ տարվա ընթացքում համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի արձանագրման աճով:
ՆԳՆ–ի տվյալներով` 2023-ին արգելափակվել է թմրամիջոցների հետ կապ ունեցող տելեգրամյան 100-ից ավելի էջերի գործունեությունը: Բացահայտվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք: Ձերբակալվել է 489 անձ։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։