ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Երևանի ռեստորանային համալիրներից մեկից ՌԴ քաղաքացու են առևանգել և խոշոր չափի գումար պահանջել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին։ Ոստիկանությունն ահազանգը ստացել է առավոտյան 07։50-ի սահմաններում։ Ըստ տեղեկությունների՝ առևանգվածը ՌԴ քաղաքացի 32-ամյա Սերգեյ Ֆեռովն է, որը կատարվածի մասին հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել իր ընկերոջը՝ ՌԴ քաղաքացի Վ․ Ռուդնիցկինին։
Ոստիկանները պարզել են, որ Ֆեռովին Երևանի ռեստորաններից մեկից առևանգել են «Lexus» մակնիշի ավտոմեքենայով, տարել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկը և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել 650 հազար ԱՄՆ դոլար։
Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են Սերգեյ Ֆեռովին։ Ապա իրավապահները Ֆեռովին առևանգելու ու ապօրինի պահելու կասկածանքով բռնել են Վրաստանի քաղաքացի 22-ամյա Նիկոլոզի Ատաշովին և ՀՀ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Ս․-ին։
Նրանց հետ եղել է ևս 1 հոգի՝ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արթուր Մ․-ն։
Ոստիկանները պարզել են, որ առևանգվածին ռեստորանից խաբեությամբ նստեցրել են Գևորգ Ս․-ի մեքենան՝ Մարտունի գնալու համար։ Արդեն ճանապարհին ստիպել են անջատել հեռախոսը, հասել են Մարտունի քաղաք, որտեղ սկսել են առևանգվածի և նրա ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ հնչեցնել։ Ապա Ֆեռովին ստիպողաբար նստեցրել են «Lexus»-ը և Գեղարքունիքի մարզից տարել Ծաղկաձոր, որտեղ շարունակել են սպառնալիքներ հնչեցնել։
Ըստ տուժող Ֆեռովի՝ Գևորգ Ս․-ն այդ ընթացքում ձեռքը տարել է ատրճանակին և սպառնացել, որ եթե գումարը չտա, կկրակի ոտքերին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 5-րդ կետի և 335 հոդվածի (հրազենի ապօրինի շրջանառությունը) 1-ին մասի հատկանիշներով։