ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. «Wildberries»-ի և «Russ»-ի համատեղ ընկերությունը՝ «РВБ» ՍՊԸ-ն, շարունակում է աշխատել կայուն ռեժիմով և ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ հանդիպել է գործարար Վլադիսլավ Բակալչուկի («Wildberries»-ի հիմնադիր Տատայանա Բակալչուկի ամուսինը. խմբ.) հետ և ասել, որ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին հանձնարարել է ուսումնասիրել «Wildberries»-ի և «Russ» խմբի միավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Բակալչուկն ասել է, որ իր կնոջը, ինչպես նաև 7 երեխաներին ռեյդերները մեկուսացրել են իրենից։ Գործարարը պնդել է, որ իրեն զրկել են ընտանիքի հետ շփվելու հնարավորությունից, սակայն կինը՝ Տատյանա Բակալչուկը, հերքել է այդ մեղադրանքները։
«Սա ռեյդերային զավթում չէ։ Սա բաժանում է: Ամենասկզբից ամեն ինչ համաձայնեցվել էր Վլադիսլավի հետ, նա անձամբ ներկա է գտնվել միավորված ընկերության նոր կառույցի թոփ-մենեջմենտի շնորհանդեսին», - սոցցանցում հայտարարել է Բակալչուկը։
Այսպիսով «Wildberries»-ը և «Russ»-ը շարունակում են կայուն աշխատել՝ հաճախորդներին ապահովելով ապրանքներով ու ծառայություններով և ամբողջությամբ կատարելով բոլոր պարտավորությունները:
«Վստահ ենք, որ ապահարզանի գործընթացն իր զգացմունքային մանրամասներով հետաքրքրություն չի ներկայացնում գործարար պարբերականների համար», - ասված է հայտարարության մեջ:
Ընկերությունում նաև խոստացել են տեղեկացնել վաճառողների, գործընկերների և հաճախորդների համար նոր հնարավորությունների մասին:
Հունիսի վերջին «Wildberries»-ը և արտաքին գովազդի օպերատոր «Russ» խումբը հայտարարեցին միավորման և նոր թվային առևտրային հարթակի ստեղծման մասին։ Նշվում էր, որ էլեկտրոնային առևտրի և գովազդի շուկայի առաջատարների համախմբումը թույլ կտա նոր խաղացող ստեղծել տնտեսության, ֆինանսների, մեդիայի, առևտրաարդյունաբերության, ինտերնետ տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ առևտրի և գովազդի ոլորտներում: Այս կերպ բիզնեսը կարող է եզակի և մատչելի գործիք օգտագործել իր արտադրանքը խթանելու համար:
Հուլիսի սկզբին «Wildberries»-ը և «Russ»-ը ստեղծեցին նոր համատեղ ընկերություն՝ «РВБ» ՍՊԸ-ն՝ 20 միլիոն ռուբլի կանոնադրական կապիտալով։ Ընկերության 65%-ը պատկանում է «Wildberries»-ին, իսկ 35%-ը՝ «Стинн» ընկերությանը, որը պատկանում է «Русс Аутдор»-ին։ Գլխավոր տնօրենը Ռոբերտ Միրզոյանն է, որը նաև «Russ» ընկերությունների գործադիր տնօրենն է: