ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 21։10-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 39 շենքի 5-րդ հարկում պայթյունի ձայն է լսվել։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել թիվ 35 բնակարանում, և 60-65 տարեկան տղամարդ է վնասվածքներ ստացել։
Պայթյունի հետևանքով վնասվել են բնակարանի 3 միջանկյալ պատերը և պատշգամբը, ինչպես նաև թիվ 34 և թիվ 36 բնակարանների պատուհանների ապակիները։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև պարզվում է վիրավորի և վնասված բնակարանների սեփականատերերի ինքնությունը։