ՀՀ–ն կրկին Բաքվին առաջարկում է հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ստեղծել

Սոթք
Վերահաստատման պատճառը վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների կողմից ՀՀ ԶՈւ–ի կողմից իբր հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմը կրկին Ադրբեջանին առաջարկում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետի աշխատակազմից վերահաստատում են նաև ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռքբերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում:
Նշվում է, որ վերահաստատման պատճառ է հանդիսացել այն, որ վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ վերջին անգամ երեկ առավոտյան էր ադրբեջանական կողմը ապատեղակատվություն տարածել, թե իբր հուլիսի 20-ին, ժամը 22։10-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր այդ տեղեկությունը։