ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Գյումրիում երեկ հայտնաբերված Վարդուհի Հակոբյանի դիակի զննությամբ պարզվել է, որ նա առնվազն 6 ամիս մահվան վաղեմություն ունի: Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել։
Պարզվել է, որ հարազատները տուժող Վարդուհի Հակոբյանին վերջին անգամ տեսել են իր տանը՝ 2023թ․ մայիսին, սակայն հաղորդագրությունների միջոցով շփում եղել է մինչև 2024 թվականի հունիսի 16-ը:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ 2024 թվականի հուլիսի 22-ին՝ գիշերը, Վարդուհի Հակոբյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Կոտայքի մարզում բնակվող 49-ամյա մի տղամարդ, որը տուժողի հետ որոշակի շրջանում բնակվել է վերջինիս՝ Գյումրի քաղաքում գտնվող նշված տանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով` վերջինս սպանությունից հետո վերցրել է տուժողի հեռախոսը, որով կապ է պահպանել վերջինիս հարազատների հետ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նաև դանակ, օգտագործված մաստակներ, ծխուկներ, օղու շշեր, որոնց վրա եղել են մատնահետքեր, արնանման նյութի հետքերով սավան, վերմակի ծածկոց, ջարդված հեռախոս և այլ իրեր:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից տեղեկություն չունենալով`վերադարձել է, տան դուռը կոտրել, ներս է մտել և տանը հայտնաբերել քրոջ դին։
Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 21-ին սպանության հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարդուհի Հակոբյանը ճանաչվել է տուժող։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։