ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Երևանում արդեն սկսվել են GIS համակարգով աղբամանների տեղադրման աշխատանքները։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։
Նա տեղեկացրեց, որ այս համակարգը թույլ կտա տեսնել, թե մայրաքաղաքում յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ քանի աղբաման է մաքրվել ու քանիսն են մնացել: Այսինքն` աղբահանության աշխատանքը մայրաքաղաքում ավելի կառավարելի կդառնա:
«Մի քանի գործիք է նախատեսվում այս գործընթացի համար, առաջին՝ ցույց է տրվելու, որ աղբատար մեքենան մոտեցավ աղբամանին, երկրորդ՝ ինչքան ժամանակում այդ գործողությունն արվեց, երրորդ՝ քանի անգամ պիտի աշխատի աղբատար մեքենայի ամբարձիչը, այսինքն՝ եթե տարածքում կա 4 աղբաման, աղբամանը 4 անգամ պետք է բացվի-փակվի»,– ասաց Կատվալյանը։
Նա հավաստիացրեց, որ աղբահանության հետ կապված այլևս խնդիրներ չեն լինելու։ Իսկ աղբամանների թվայնացման աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն շուտով։