ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ԵՄ-ն 10 մլն եվրոյի չափով օգնություն է տրամադրել Հայաստանին վրաններ գնելու համար։ Այս մասին ասվում է Եվրամիության պաշտոնական կայքում։
«Եվրամիության արտգործնախարարները որոշում են կայացրել 10 մլն եվրո արժողությամբ վրանների տեսքով ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, այդ գնումների ֆինանսավորումը կիրականացվի խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով»,– նշվում է կայքում։
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը վրանների տրամադրումն անվանել է «ԵՄ-Հայաստան ռազմատեխնիկական համագործակցության կարևոր քայլ»: Նա հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը հետագայում կզարգանա:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն Բաքվի հետ բանակցություններ է վարում Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազ մատակարարելու շուրջ։
Նշենք, որ նույն Խաղաղության եվրոպական հիմնադրամը ԵՄ բյուջեից Ուկրաինային զենքի մատակարարման ֆինանսավորման հիմնական ալիքն է։