ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Մոսկվայի հետ բանակցությունների հնարավորության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները ավելի լավ են, քան դրանցից լիովին հրաժարվելը, սակայն պետք է սպասել կոնկրետ քայլերի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում Է ՏԱՍՍ-ը:
«Ընդհանուր առմամբ, դա, իհարկե, ավելի լավ է, քան հայտարարություններն այն մասին, որ ռուսական կողմի հետ ցանկացած շփում բացառվում է», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ երկխոսության մասին խոսակցությունը ցանկացած տոնայնությամբ նախընտրելի է, քան «պատերազմը մինչև վերջին ուկրաինացին շարունակելու» մտադրությունները:
«Բայց թե կոնկրետ ինչ է կանգնած [Զելենսկու՝ բանակցությունների հնարավորության մասին] խոսքերի հետևում, ինչ կոնկրետ ծրագրեր և գործողություններ են ենթադրվում՝ առայժմ դժվար է դատել։ Պետք է սպասել կոնկրետ գործողությունների, եթե դրանք հետևեն», - հավելել է նա։
Ավելի վաղ BBC-ին տված հարցազրույցում Զելենսկին հնարավոր էր համարել բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ չնայած նման բանակցություններն արգելելու մասին Ուկրաինայում գործող հրամանագրի: Հուլիսի 15-ին Զելենսկին նաև նշել էր, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է մասնակցեն հակամարտության կարգավորման երկրորդ համաժողովին: