Առաջինը տարածաշրջանում. ՀՀ սիմֆոնիկ նվագախմբի XVIII համերգաշրջանի խոշոր իրադարձությունները

Սարգիս Բալբաբյանը և Սերգեյ Սմբատյանը
Առաջիկա համերգաշրջանը հարուստ կլինի կրթական նախագծերով և համերգներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանում առաջինն է, որ ալբոմ է թողարկել համաշխարհային ճանաչում ունեցող «Deutsche Grammophon» ձայնագրման ընկերության պիտակով: XVIII համերգաշրջանի փակման կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։
Նրա խոսքով՝ դա նվագախմբի գլխավոր ձեռքբերումներից մեկն էր անցած համերգաշրջանում։ Նույն համերգաշրջանում թողարկվել է «Ազնավուրիանա» ալբոմը (երաժշտություն թավջութակի և նվագախմբի համար)՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի արվեստին։ Ազնավուրի ստեղծագործությունների գործիքային տարբերակները ձայնագրվել են հայտնի թավջութակահարուհի Կամիլա Թոմայի հետ, մտահղացումը դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է:
Սարգիս Բալբաբյան
Բալբաբյանն ընդգծեց, որ համերգաշրջանում նվագախումբը տվել է 85 համերգ, որից 35-ը՝ արտերկրում: Հայաստան են ժամանել 35 արտիստներ, որոնցից 20-ը հրավիրված դիրիժորներ են եղել։
«Մենք ձայնագրել ենք հայ կոմպոզիտորների 48 ստեղծագործություն։ Բացի այդ, թվայնացվել է 45-ը»,- ասաց Բալբաբյանը։
Նախորդ համերգաշրջանի առանցքային իրադարձություններից է նաև Դուբայի օպերայի հետ համագործակցությունը, ինչպես նաև Օմանում և ԱՄՆ երեք քաղաքներում (Բոստոն, Նյու Յորք, Լոս Անջելես) անցկացված հյուրախաղերը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ամերիկյան հյուրախաղերն առանձնահատուկ է համարում: Նրա խոսքով՝ տոմսերը վաճառվել են համերգներից 27 օր առաջ։
«Ես կարևորում եմ նվագախմբի գործունեությունը բոլոր ուղղություններով, սակայն գլխավոր իրադարձություններ կանվանեմ «Deutsche Grammophon»–ի պիտակով թողարկված ալբոմը և ԱՄՆ-ի հյուրախաղերը»,- ասաց նա:
Սմբատյանը նշեց, որ հյուրախաղերը կայացել են ոչ թե պետական, այլ մասնավոր միջոցներով։
Ինչ վերաբերում է գալիք համերգաշրջանին, ապա Սմբատյանը խոստացավ, որ այն նույնքան իրադարձություններով հագեցած և հետաքրքիր կլինի: Սպասվում են ավելի շատ կրթական ծրագրեր, նախատեսվում են փառատոներ, Խաչատրյանի անվան մրցույթ և այլն:
Սերգեյ Սմբատյան