ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հանրապետական կոնգրեսական Լորեն Բոբերտը պահանջել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մինչև օրվա վերջ ապացուցի իր ողջ լինելը։
«Ես Ջո Բայդենից կյանքի ապացույցներ եմ պահանջում այսօր` մինչև երեկոյան ժամը 5–ը (Երևանի ժամանակով` երեքշաբթի ժամը 1։30. խմբ.) նա պետք է դուրս գա տեսախցիկների առաջ և մեկնաբանի՝ տեղյա՞կ է, որ դուրս է եկել մրցավազքից։ Թաքնվելը բացարձակապես անընդունելի է»,– գրել է Բոբերտը X սոցցանցի իր էջում։
Բայդենն անցած շաբաթ է վարակվել կորոնավիրուսով և այդ պահից գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Նա ստիպված է եղել չեղյալ հայտարարել ծրագրված հրապարակային ելույթը Լաս Վեգասի համաժողովներից մեկում։ Առողջական վիճակի հետ կապված աճող մտահոգությունների ֆոնին նա հուլիսի 21–ին հայտարարել է նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին:
Բայդենի բուժող բժիշկ Քևին Օ' Քոնորն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահի մոտ կորոնավիրուսի ախտանշանները գրեթե վերացել են: Սպիտակ տունը միաժամանակ հայտարարել է, որ Բայդենն այսօր առցանց մասնակցել է Ազգային անվտանգության հարցերով հանդիպմանը: