Օրբանի վրա ճնշում են գործադրում՝ կապված Ուկրաինայի վերաբերյալ նրա ծրագրի հետ. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահը կարծում է, որ ԵՄ-ն հաշվարկում է, թե ինչպես հեռացնել Հունգարիային կազմակերպության նախագահությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վրա ճնշումներ են գործադրվում՝ կապված Ուկրաինայի վերաբերյալ նրա ծրագրի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Անցած չորեքշաբթի մեր հյուրն էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մեր հանդիպումից հետո նա ասաց. «Ճաշելու եմ Թրամփի հետ (ԱՄՆ նախագահի թեկնածու՝ խմբ.)»: Միևնույն ժամանակ ընթանում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Հաջորդ օրը նրանք (Արևմուտքում՝ խմբ.) սկսեցին ինտենսիվ քննադատել Վիկտոր Օրբանին։ «Նա այս է ասել, նա այն է ասել, մենք համաձայն չենք Վիկտորի ասածի հետ, այն, ինչ նա ասել է, այն չէ, ինչ պետք է»: Պարոն Օրբանը Մոսկվա է գնացել, նրան քննադատել են։ Նա գնացել է Չինաստան և նույն կերպ արժանացել քննադատության: Այնուհետև նա մասնակցել է Թյուրքական պետությունների կազմակերպության հանդիպմանը և կրկին քննադատության է արժանացել», - ասել է Թուրքիայի նախագահը լրագրողներին։
Նրա խոսքով՝ Անկարան համբերատար հետևում է գործընթացին։
«Մեր դերն այժմ համբերատար լինելն է: Հուսով եմ, որ այս համբերության շնորհիվ միասին կանենք անհրաժեշտ ամեն ինչ, երբ ժամանակը գա»,- ասել է Էրդողանը։
Ինչպես նշել է Թուրքիայի ղեկավարը, ԵՄ-ն մտածում է` ինչպես հեռացնել Հունգարիային կազմակերպության նախագահությունից։
Ավելի վաղ Հունգարիայի կառավարության ղեկավարն այցելել էր Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ։ Դրանից հետո հայտնի է դարձել, որ Օրբանը ԵՄ առաջնորդներին է փոխանցել Ուկրաինայի խնդրի կարգավորման ծրագիր։