ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շիական շարժումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ քաղաքի թիրախներին, ինչպես նաև բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել է Կարմիր ծովում գտնվող ամերիկյան Pumba նավի վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եմենի զինված ուժերի (հութիների՝ խմբ.) հրթիռային ստորաբաժանումները կատարել են գործողություն, որի ընթացքում հարվածներ են հասցվել Ումմ-ար-Ռաշրաշի (Էյլաթ՝ խմբ.) շրջանում կարևոր թիրախների ուղղությամբ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով: Ռազմածովային ուժերը և հրթիռային ստորաբաժանումները համատեղ ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների օգնությամբ Կարմիր ծովում հարված է հասցվել Ամերիկյան Pumba նավին», - ասվում է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ հարձակումներն իրականացվել են ի պատասխան ամերիկա-բրիտանական-իսրայելական ագրեսիայի:
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի Եմենի ափերի մեծ մասը, ավելի վաղ հայտարարել էր Պաղեստինին աջակցելու և Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը և չմոտենալ նրանց ծովում: Միևնույն ժամանակ, նրանք հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն դիպչում այլ երկրների նավերին: Եվ այսպես, որոշ ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։