Երևանը և Բաքուն կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր. Ալիևի օգնական

Հիքմեթ Հաջիևը. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական կողմը Հայաստանին հրավիրել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները` միաժամանակ շարունակելով պնդել, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29-ը)։ Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները` նախքան լայնածավալ պայմանագիր կնքելը։
«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»–, ասել է նա։
Չնայած Ալիևի օգնականը խոսել է խաղաղության պայմանագիր կնքելու մասին, բայց միաժամանակ կրկին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրությանը` հնչեցնելով պահանջներ:
«Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի», –ասել է Հաջիևը։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել էր, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Հունիսի 26–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։