ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մուխթար Բաբաևը (COP29-ի նախագահ) հրավեր նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Հիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի»,- ասել է Հաջիևը։
Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29-ը)։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել էր, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Հունիսի 26–ին էլ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։