Օտարերկրացին կրակել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգով. ՔԿ խոսնակ

Հրազենային վնասվածք ստացած ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի` ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Կոտայքի մարզի ոստիկանության բաժնում կրակոցներ արձակած և ինքնասպանության փորձ կատարած օտարերկրյա քաղաքացու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ գիշերը` 00։50–ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, որը կրակոցներ է արձակել ու վնասվածքներ պատճառել և՛ իրեն, և՛ ոստիկանության 2 աշխատակցի։
ՀՀ ՔԿ խոսնակը նշում է, որ հուլիսի 19–ին՝ ժամը 23:36–ին, հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքում օտարերկրացի մի քաղաքացի խնդրել է զանգահարել 1-02, որ ոստիկան մոտենա:
«Պարզաբանումներ իրականացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել նշված օտարերկացին, որը ոստիկանության բաժնի հերթապահ մասում օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից` նախնական տվյալներով` ինքնասպանություն գործելու նպատակով, վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգը և այն բերել մարտական վիճակի»,– գրել է Աբրահամյանը։
Ոստիկանության 2 աշխատակից փորձել են ինքնաձիգը վերցնել նրանից, սակայն անձը կրակահերթ է արձակել, այնուհետև փողը մոտեցնելով իրեն՝ կրկին կրակահերթ արձակել, ինչի արդյունքում վերջինս և ոստիկանության երկու աշխատակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Աբովյան ԲԿ–ից ստացված հաղորդման համաձայն` ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի` ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, 173-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով։
Հատուկ գործողություն Վանաձորում․ բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ Արսենը»
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասից հայտնաբերվել և վերցվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վերցվել է նաև «AKM» տեսակի ինքնաձիգը։
Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանության Կոտայքի բաժնում կրակոցներ արձակած անձը Իրաքի քաղաքացի է։