ՀՀ–ն ստիպված կլինի համատեղել Արևմուտքի ակտիվությունը և ՌԴ–ի հետ ունեցած կապը. Հարությունով

ՀՀ ՊՆ–ում ամերիկյան մասնագետի ներգրավման մասին առաջին անգամ հայտարարվել էր այս տարվա ապրիլին։ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ կարող է գալ ամերիկյան զինուժի զինվորական-խորհրդական, որը նախարարությանը կօգնի զարգացնել պաշտպանական կարողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանը ստիպված կլինի համատեղել պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ պահպանվող կապերը և արևմտյան երկրների` գնալով աճող ակտիվությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով ՀՀ ՊՆ–ում Պենտագոնի ներկայացուցչի հաստատվելու մասին տեղեկությունը։
Այս շաբաթվա սկզբին եռօրյա այցով Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի` քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան հաստատել էր, որ ԱՄՆ բանակի ներկայացուցիչը կաշխատի ՀՀ ՊՆ-ում։
«Կուրսի փոփոխություն միանշանակ կա, և հասկանալի է, որ նպատակը արևմտյան մոդելն է, արևմտյան մոտեցումներին համահունչ բարեփոխումներ կատարելը։ Բայց բանակը բավականին իներցիոն կառույց է, և մեկ ամսում կամ մի տարում չի ստացվի ուղղվածությունը մի մոդելից փոխել մյուսին։ Այնտեղ կա ռազմական տեխնիկայի որոշակի քանակություն, որը ռուսական կողմն է արտադրել, և որը սպասարկելու խնդիր կա։ Եվ, երբ որ ես ասում եմ, որ Հայաստանը ստիպված կլինի որոշակի ժամանակ դեռ համատեղել Ռուսաստանի հետ պահպանվող կապերը արևմտյան երկրների աճող ակտիվության հետ, ես հենց այս հարցերը նկատի ունեմ»,–պարզաբանում է Հարությունովը։
Քաղաքագետը նկատում է, որ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ որևէ երկիր մյուսից սպառազինություն է ձեռք բերում կամ բանակում բարեփոխումներ է կատարում մեկ այլ երկրի օրինակով, մատակարար երկիրը նաև խորհրդատվական բնույթի ծառայություններ է իրականացնում։
Ռուսաստանը Հայաստանին չի մեղադրում վեկտոր փոխելու մեջ, բայց անհանգստացած է. Կոպիրկին
Մեր զրուցակիցը, սակայն, նկատում է, որ Ռուսաստանի պարագայում համագործակցությունը չէր սահմանափակվում և այսօր էլ չի սահմանափակվում միայն խորհրդատվությամբ կամ տեխնիկական սպասարկմամբ։ ՀՀ–ում տեղակայված ռուսական ռազմաբազան, Հարությունովի խոսքով, սերտորեն կապված է Հայաստանի ՀՕՊ համակարգի հետ, և ռազմաբազայի հիմնական խդիրը հենց հակաօդային պաշտպանությունն է։
«Եվ այստեղ ևս անհասկանալի է, թե ինչպես է այդ խնդիրը լուծվելու։ Հայկական կողմից այսօր խնդիր չի դրվում ռազմաբազան դուրս բերլու, բայց կարող է ինչ–որ ձևով փորձ արվի խզել կապը հակաօդային պաշտպանության ոլորտում»,– չի բացառում քաղաքագետը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ում ամերիկյան մասնագետի ներգրավման մասին առաջին անգամ հայտարարվել էր այս տարվա ապրիլին։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հայտնել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարություն կարող է գալ ամերիկյան զինուժի զինվորական-խորհրդական, որը նախարարությանը կօգնի զարգացնել պաշտպանական կարողությունները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի` քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի խոսքում արդեն հստակ նշվում է, որ հարցը որոշված է։ Հատկանշական է, որ ամերիկացի պաշտոնյան նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Վաշինգտոնի հետ ավելի խորը պաշտպանական համագործակցության համար։