ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Մեծ Բրիտանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում շատ եվրոպացի գործիչներ չհիմնավորված մտել էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերի մեջ՝ մոռանալով, թե ինչպես էր Չերչիլն աշխարհում ազդեցության գոտիները կիսում Ստալինի հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Հուլիսի 17-18-ին անգլիական Բլենհայմ կալվածքում, որտեղ, ի դեպ, ժամանակին ծնվել է Ուինսթոն Չերչիլը, Վուչիչն էլ է մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝հանդիպումներ ունենալով ԵՄ դիվանագիտության հեռացող ղեկավար Ժոզեպ Բորելի և նրան փոխարինող Կայա Կալասի, 21 պետությունների ղեկավարների և վարչապետների հետ։
«Այնտեղ ամեն մեկը կարծում էր, թե ինքը Չերչիլն է, բայց Չերչիլն այդպիսին՝ միակն էր: Ուզում էի նրանց հիշեցնել Յալթայի (հակահիտլերյան տերությունների ղեկավարների 1945 թվականի կոնֆերանսի, – խմբ.) մասին, թե ում թողեց Չերչիլը Եվրոպայի ողջ արևելքը։ Բայց ձևացնել, թե չգիտես, ձևանալ ավելի հիմար, քան կաս՝ երբեմն դա ավելի օգտակար է քո երկրի համար։ Այս օրերին ևս տեսա և լսեցի առնվազն մեկ տասնյակ Չերչիլների», - հայտարարել է Վուչիչը TV Prva-ի եթերում։
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ+» ձևաչափով անցկացված գագաթնաժողովը նվիրված է եղել պատերազմում Կիևի հաղթանակի անհրաժեշտության մասին համոզմունքի ամրապնդմանը՝ մինչև այն պահը, երբ «հարց է առաջանում՝ ուր է տանում այդ ամենը»։
«Սերբիայի շահը խաղաղությունն է․ վերջ տվեք պատերազմին, և մենք ամենաերջանիկը կլինենք։ Դա այն ամենն է, ինչ կարող ենք ասել։ Կարծում եմ, որ Մակրոնը պատշաճ կերպով է նայում իրավիճակին, Շոլցն էլ է դրությունը հասկանում, բայց այլ հարց է, թե ինչ են նրանք զգում և որ կողմում են»,-նշել Է Սերբիայի նախագահը և ընդգծել, որ Ուկրաինայի հակամարտության հարցում այլ մոտեցում է պահանջվում։
Եվրոպական քաղաքական համայնքի հայեցակարգը, որի ստեղծման մասին հայտարարվել է 2022 թվականի մայիսին, գաղափարապես պատկանում է Մակրոնին։ Համայնքին անդամակցում են ԵՄ անդամ 27 պետություններ, Արևմտյան Բալկանների երկրներ, Հայաստանը, Նորվեգիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:
Մակրոնի խոսքով ՝ Եվրոպային կառույց է անհրաժեշտ այնպիսի ոլորտներում համագործակցության զարգացման համար, ինչպիսիք են աշխարհաքաղաքականությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները և տրանսպորտը այն երկրների հետ, որոնց հետ անհնար է Եվրամիության օրինակով սերտ ինտեգրում։