Ցածր մակարդակ արձանագրելու 1 ճանապարհ կա. ՆԳ փոխնախարարը` ծանր հանցագործությունների մասին

Արփինե Սարգսյանին մտահոգում է, որ վերջին շրջանում ավելացել են սպանության ելքով և զենք–զինամթերքի կիրառմամբ տեղի ունեցող դեպքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում ՀՀ իրավապահ համակարգն ավելի շատ պետք է կանխարգելող աշխատանքներ իրականացնի, քան ուղղակի բացահայտի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ՀՀ դատախազության տվյալների` 2023 թ. առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն ավելացել են 798–ով կամ 90.7%–ով` կազմելով 1678 (2022 թ.՝ 880)։ Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի էական աճը հիմնականում պայմանավորված է եղել սպանության դեպքերի աճով (645-ով կամ 119.0%-ով), որոնցից 1132-ը հանկարծամահության դեպքեր են, որոնք մինչև 2022 թ. 2-րդ կիսամյակ որպես հանցագործության դեպքեր չէին հաշվառվում։
«Եթե մենք անընդհատ գնանք բացահայտման հետևից ու ոչինչ չանենք կանխարգելման ուղղությամբ, արդյունքում անընդհատ կունենանք նույն թվային պատկերը»,– նշեց փոխնախարարը։
Ըստ նրա`այն, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով թվային պատկերը բավականին մեծացել է, որը երկու բանի մասին է խոսում` որոշ հանցատեսակների մասով իսկապես կա աճ, իսկ մյուս դեպքում բացահայտումների մակարդակն է բավականին բարձրացել, այսինքն` լատենտայնությունը ծավալով բավականին նվազել է։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում արձանագրվող սպանության ելքով և զենք–զինամթերքի կիրառմամբ տեղի ունեցած բազմաթիվ դեպքերին, Սարգսյանը նշեց, որ այդ թեման հատկապես իրենց համար մտահոգիչ է։
«Նկատում ենք տարբեր հանցագործությունների կատարում զենքի գործադրմամբ, ու այս հարցում ոստիկանությունը պարբերաբար ուժեղացված ծառայություն է իրականացնում ոչ միայն օպերատիվ տեղեկատվության հիմքով, այլև պրոֆիլակտիկ աշխատանքներով։ Ունենք բացահայտման մեծ մակարդակ ու կարողացել ենք ներգրավել բավականին մեծ քանակությամբ զենք–զինամթերք»,– վստահեցրեց ՆԳ փոխնախարար։
Իրաքի քաղաքացին ոստիկանության Կոտայքի բաժնում կրակոցներ է արձակել. կան տուժածներ
Նրա խոսքով` միակ ճանապարհը, որը թույլ կտա ավելի ցածր հանցավորության մակարդակ արձանագրել, դա օպերատիվ հետախուզական գործունեության և համապատասխան օրենքի վերանայումն է, որը թույլ կտա ամբողջովին նոր մեթոդաբանությամբ օպերատիվ աշխատանք և ավելի շատ կանխարգելման աշխատանքներ իրականցնել։