Ալիևը խոսել է Լոնդոնում Փաշինյանի հետ չկայացած հանդիպման մասին

Մեծ Բրիտանիայում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, դատելով կողմերի մեկնաբանություններից, չի կայացել հանդիպման ձևաչափերի շուրջ տարաձայնությունների պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Մեծ Բրիտանիայում Նիկոլ Փաշինյանի հետ չկայացած հանդիպմանը:
Ելույթ ունենալով Շուշիում կայացած գլոբալ մեդիաֆորումում՝ նա ասել է, որ այդ հանդիպումը բրիտանական կառավարության նախաձեռնությունն ու առաջարկն էր՝ նման այն հանդիպմանը, որ կազմակերպել էր Գերմանիայի կանցլեր Շոլցը այս տարվա փետրվարի 17–ին Մյունխենում։

«Նախատեսվում էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կմասնակցի դրան, իսկ հետո կհեռանա այնտեղից` թողնելով մեզ երկուսով։ Սակայն վարչապետ Փաշինյանը հրաժարվեց։ Հարց․ եթե նա չէր ուզում ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղությանպայմանագրի մասին կարող է խոսք լինել։ Եթե նա չէր ցանկանում խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ապա ինչո՞ւ եկավ Լոնդոն»,- ասել է Ալիևը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանի վարչապետը չի ցանկացել եռակողմ ձևաչափով՝ բրիտանական կողմի մասնակցությամբ, հանդիպում ունենալ:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հունիսի 19-ին մեկնել են Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: Նրանց մեկնելուց առաջ Լոնդոնում հանդիպման հնարավորության մասին տեղեկատվությունը չի հաստատվել և նույնիսկ չի հայտնվել ոչ պաշտոնական ամփոփագրերում:
Նշենք, որ հուլիսի 20-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմն առաջարկել է առաջնորդների հանդիպում անցկացնել Օքսֆորդում, սակայն Բաքուն մերժել է առաջարկը: Նախքան այդ Ադրբեջանն էր հայկական կողմին մեղադրել հանդիպումից հրաժարվելու մեջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ միաժամանակ նշվում էր, որ առաջարկվել է բանակցությունները կազմակերպել երկկողմ ձևաչափով։ Իր հերթին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սկզբում բանակցությունները պետք է անցկացվեին Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայությամբ, իսկ այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեին դեմ առ դեմ։