Ոչ պատշաճ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից. Կոստանյանը` աղմկահարույց դեպքի մասին

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ թիվ 3 երթուղու ավտոբուսի վարորդը հայհոյելով ջրի շիշը նետում է ուղևորի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևանյան ավտոբուսի վարորդը, որը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը` անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ թիվ 3 երթուղու ավտոբուսի վարորդը հայհոյելով ջրի շիշը նետում է ուղևորի վրա։ Ըստ տեսանյութի՝ վարորդին դուր չի գալիս այն, որ ուղևորը, հեռախոսով նկարահանմանը զուգահեռ, բողոքում է տրանսպորտի ուշանալուց։
Նշենք, որ հուլիսի 9-ին Կոստանյանը հայտնել էր, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ում հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել էաշխատանքից։ Նա նշել էր, որ ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։