Իսպանիայում կասեցրել են առագաստանավերով կոկաինի մատակարարման ցանցի գործունեությունը

Կատարվել է 47 խուզարկություն, ձերբակալվել է 50 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Իսպանիայի ազգային ոստիկանությունը մասնակցել է միջազգային գործողության, որի ընթացքում կասեցվել է Հարավային Ամերիկայից առագաստանավերով աշխարհում կոկաինի մատակարարման խոշոր ցանցի գործունեությունը: Ձերբակալվել է 50 մարդ, հայտնում է իսպանական ոստիկանության մամուլի ծառայությունը:
Գործողությունն իրականացվել է Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների, Ծովային գործողությունների եվրոպական կենտրոնի հետ համատեղ և Եվրապոլի աջակցությամբ:
Ինչպես հայտնում է Իսպանիայի ազգային ոստիկանությունը, գործողության արդյունքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ50 մարդ, անցկացվել է 47 խուզարկություն, որոնցից 28-ը՝ Իսպանիայի տարածքում: Առգրավվել է 1,5 տոննա կոկաին, նաև առգրավվել է 8 նավ և 36 տրանսպորտային միջոց:
Միջազգային գործողության ընթացքում, որը սկսվել է 2020-ին, պարզվել է, որ հանցավոր կազմակերպության պարագլուխը, որը հայտնի է որպես «Պրոֆեսոր», վարձել է Հարավային Ամերիկայից Եվրոպա ուղևորվող առագաստանավերի անձնակազմի անդամներին՝ օգտվելով կոլումբիական և մեքսիկական թմրակարտելների աջակցությունից։