ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իրանական գազի արտահանումը Հայաստան մոտ ժամանակներս կկրկնապատկվի։ Այս մասին իրանական SNN գործակալությանն ասել է ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի գործողությունը մինչև 2030 թվականը: Ամեն տարի Թեհրանը Հայաստան է արտահանում 360 մլն խմ գազ, իսկ փոխարենը ներկրում էլեկտրաէներգիա։
«Մեզ հաջողվել է նաև գրեթե եզրափակիչ փուլ հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում։ Արդյունքում մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը»,– ասել է դեսպանը:
Սոբհանին նաև նշել է, որ առևտրի ոլորտում հաջողվել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 711 մլն դոլարի. օրական շուրջ 400 բեռնատար է երթևեկում երկու երկրների միջև:
Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն Իրանի համար կարևոր շուկա է, քանի որ ԵԱՏՄ անդամ երկիր է:
«Իրանի և Հայաստանի միջև հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն աշխարհագրական և ռազմավարական դիրքի արդյունքում։ Երկրների միջև սահմանը 46 կմ է, ինչը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում»,– նշել է Սոբհանին։
Իրականացվող համատեղ նախագծերի թվում նա առանձնացրեց ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպիսիք են ճանապարհների կառուցումը և գազի, էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրերի ընդլայնումը և այլն: Նա շեշտում է, որ մշակութային և կրթական փոխգործակցությունը հանգեցնում է երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը: