ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերի գլոբալ խափանումը լայնածավալ խնդիրներ չի առաջացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքում։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Նրա խոսքով, խնդիր է առաջացել հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերության ծրագրում։ Դա հանգեցրել է Երևանից Վենետիկ և Աբու Դաբի չվերթների հետաձգմանը:
«Այդ հարցը հիմա լուծված է, ինքնաթիռներն արդեն թռել են»,- ասաց Աղաբեկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամբողջ աշխարհում նկատվում է Windows համակարգով աշխատող սարքերի աշխատանքի խափանում։ Մի շարք երկրներում ինքնաթիռները չեն կարողանում ո՛չ օդ բարձրանալ, ո՛չ վայրէջք կատարել։ Տեխնիկական անսարքության պատճառով սպասարկման ուշացումներ կան։