ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Հայաստանի Կենտրոնական բանկն անփոփոխ՝ 1,5 %-ի չափով է թողել բանկերի համար կապիտալի հակացիկլիկ բուֆերի նորմատիվը: Այս մասին հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից։
Այս բուֆերն, ըստ էության, ծառայում է որպես կապիտալի հիմնական նորմատիվի հավելաճ: Հետևաբար, բանկի կապիտալը պետք է կազմի ակտիվների (այդ թվում՝ վարկերի) առնվազն 11%-ը՝ ճշգրտելով դրանց ռիսկայնության աստիճանը: Նշված 1.5%-ը փաստացի գումարվում է 11%-ին (հանրագումարում՝ 12.5%): Մինչդեռ փաստացի ցուցանիշը մայիս ամսում կազմել է 20 %-ից մի փոքր ավել։ Սա համակարգի կտրվածքով միջին ցուցանիշն է, բայց բանկերից յուրաքանչյուրի մոտ այն բարձր է և՛ 11%-ից, և՛ 12,5%-ից։
ԿԲ-ն պահանջում է պահպանել այս բուֆերը, որպես բանկերի վճարունակության լրացուցիչ երաշխիք (ըստ ավանդների և այլ պարտավորությունների): Երկար տարիների ընթացքում բուֆերը եղել է զրոյական, սակայն 2022 թվականի III եռամսյակում ԿԲ–ն այն սահմանել է 1%, իսկ IV եռամսյակում՝ 1,5%։ Դա տեղի էր ունեցել, երբ հայկական բանկերի շահույթը, տասնյակ հազարավոր ռելոկանտների և նրանց ընկերությունների սպասարկման միջնորդավճարների հաշվին, անսպասելիորեն աճել է։ Հաշվի առնելով նման մեծ (հատկապես հայաստանյան բանկային համակարգի չափանիշներով) ծավալները՝ 2022 թվականին երկրի բանկային համակարգի շահույթը գրեթե եռակի աճել է, բայց սա չի կարելի անվանել կայուն եկամուտ (ռելոկանտների չհեռանալու երաշխիքների բացակայության պատճառով): Հետևաբար, Կենտրոնական բանկում համարում են, որ բանկերը չպետք է չափազանց շատ հաշվարկեն այդ եկամտի վրա (մասնավորապես, ներգրավելով չափազանց շատ ավանդներ և համարելով, որ այդ գումարները կվճարվեն նրանց հաշվին)։
2023 թվականին բանկերի համար իրավիճակը վերադարձել է սովորականին․ գործարքների և միջնորդավճարների պիկն անցել է, և եկամտի հիմնական աղբյուրը կրկին դարձել են վարկերը։ Բայց ԿԲ-ն բուֆերը չի նվազեցրել, քանի որ շուկայում նկատում է այլ ռիսկեր, որոնք հիմնականում կապված են հիփոթեքային վարկավորման հետ. ԿԲ գնահատմամբ՝ անշարժ գույքը Հայաստանում մնում է գերագնահատված։
Այսպես, անշարժ գույքի միջին գները 2018 թվականից մինչև 2024 թվականի մայիս աճել են ավելի քան 4 անգամ՝ 1 քառակուսի մետրի դիմաց 100-ից բարձրանալով մինչև մոտ 460 հազար դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 1 180 դոլար)։ Գների աճը պայմանավորված է հիպոթեքային վճարողներին հատկացվող պետական նպաստների պատճառով բարձրացված պահանջարկով: Այսպիսով, երկրում անշարժ գույքի արժեքը, շուկայական գործոններով պայմանավորված, փոքր-ինչ գերագնահատված է. Ըստ այդմ, եթե արտոնությունները չեղարկվեն (իսկ դրանք աստիճանաբար նվազում են)՝ բնակարանային պահանջարկը նույնպես կնվազի, և անշարժ գույքը կէժանանա։
Սակայն ԿԲ-ն այդ ռիսկերը չի դիտարկում որպես հիմնական, քանի որ արձանագրում է բնակարանների գների կայունացում՝ 1 քառակուսի մետրի դիմաց 460 հազար դրամի կամ 1 180 դոլարի մակարդակում (տարեսկզբի 450 հազար դրամի համեմատ), ինչպես նաև դիտարկում է միջին ամսական վարձի նվազման նախանշաններ՝ 260-270-ից կամ 640 դոլարից մինչև 250 հազար դրամ: Բնակարանների վարձակալության մասով ԿԲ-ն բերում է սեփական գնահատականները, իսկ բնակարանի արժեքի վերաբերյալ՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալները (երկու դեպքում էլ՝ Երևան քաղաքի, այլ ոչ թե հանրապետության տվյալներով)։
Համարելով, որ այդ բոլոր ռիսկերը կառավարելի են, բայց ամբողջությամբ չչեզոքացված՝ ԿԲ-ն հարկ է համարում ուժի մեջ թողնել բանկերի համար նշված 1,5 տոկոս բուֆերը: