ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Ժնևի համալսարանի պրոֆեսոր և հայագիտության ամբիոնի վարիչ Վալենտինա Կալցոլարին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով՝ հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար: Մրցանակը նա ստացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից։
Գիտնականը 1994 թվականից զբաղվում է հայագիտությամբ՝ ամեն տարի պատրաստելով շուրջ 25-30 մասնագետներ, ովքեր կատարելապես տիրապետում են գրաբարին, ինչպես նաև հայոց լեզվի արևմտահայ և արևելահայ բարբառներին:
Նրա ուսանողների մեջ շատ են ազգությամբ ոչ հայերը, ինչը շատ է արժեվորում։
«Հայագիտության մի քանի առարկաներ բաց ենք ուսուցանում, և ուսանողներն այլ հոսքերից կարող են գալ և դասախոսություններ լսել։ Չի բացառվում, որ նրանք, ինչպես և նախկինում՝ ես, հետաքրքրվեն հայոց լեզվով և մշակույթով, իսկ ապա հայագիտության ոլորտում լուրջ գիտական հետազոտություններ կատարեն», - Sputnik Արմենիային պատմել է Կալցոլարին։
Լինելով իտալացի՝ գիտնականն իր համար բացահայտել է հայկական մշակույթը ուսանողական տարիներին Բոլոնիայի համալսարանում։ Կալցոլարին ուսումնասիրել է դասական գրականություն՝ հիմնականում հետաքրքրվելով հին հունարենով, սակայն իմանալով, որ հին հունական որոշ տեքստեր թարգմանվել են հայերեն, որոշել է ուսումնասիրել գրաբարը։ Այն նրան կախարդական թվաց, և Վենետիկի համալսարանում Վալենտինան շարունակել է ուսումնասիրել ժամանակակից հայոց լեզուն, այնուհետև կատարելագործել այն Երևանի պետական համալսարանում։
Միլանի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն հայագիտության թեմայով:
«Վենետիկում առաջին անգամ հայերի հետ ծանոթացա, և հայագիտության մեջ խորանալու իմ որոշումն ամրապնդվեց։ Եվ եթե այսօր ընտրելու կարիք լիներ՝ կրկին հայագիտությունը կընտրեմ», - ասաց պրոֆեսորը։
Կալցոլարին խոստովանել է, որ առանձնահատուկ հաճույքով է ուսումնասիրում 5-րդ դարի հայ պատմիչ Ագաթանգեղոսի գործերը, իսկ հոգեկան բավականության համար՝ հայ գրող Զաբել Եսայանի ստեղծագործություններն ու բանաստեղծ Նիկողոս Սարաֆյանի բանաստեղծությունները:
«Ինձ չէին կարող չհուզել արտագաղթի մասին նրա բանաստեղծությունները, չէ՞ որ իտալուհի եմ՝ Շվեյցարիայում բնակվող։ Նրա բանաստեղծություններն իմ մասին են»,- հավելել Է պրոֆեսորը։
Նշենք, որ Կալցոլարին Հայաստան է ժամանել հայագետների համագումարին մասնակցելու նպատակով: Նրա նախորդ այցը եղել է 2018 թվականին, իսկ առաջին անգամ նա Հայաստանի մայրաքաղաք է այցելել 1992 թվականին:
Բացի Կալցոլարիից, «Մովսես Խորենացի» շքանշան է ստացել Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինե Մարանցին: Իսկ Երուսաղեմի Հրեական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր պրոֆեսոր Մայքլ Էդուարդ Սթոունը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: