«Ուրարտուն» կրկին հաղթեց «Կալևին» և անցավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ

«Ուրարտուի» ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը
Էստոնիայում մեկ շաբաթ առաջ կայացած խաղում «Ուրարտուն» հաղթանակի հասնելով «Կալևի» նկատմամբ` այս դիմակայությունում արդեն ընդգծված ֆավորիտի կարգավիճակ էր ստացել, ու շատերը հավատում էին հայկական թիմի նաև երկրորդ հաղթանակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Միքայել Միրզոյանի դուբլը 2։0 հաշվով հաղթանակ ապահովեց Երևանի «Ուրարտուին» ՈւԵՖԱ–ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում էստոնական «Կալևի» հետ պատասխան խաղում։
Մրցակցի հարկի տակ հաղթելուց հետո «Ուրարտուի» հաղթանակը «Կալևի» հետ դիմակայությունում շատ բարձր էր գնահատվում, բայց պատասխան խաղում վտանգավոր առաջին պահը ստեղծեցին հյուրերը, ճիշտ է` ամեն ինչ բարեհաջող ավարտվեց հայկական թիմի համար։ Մերոնք անմիջապես պատասխանեցին ոչ պակաս վտանգավոր պահով, բայց նորից հաշիվը չբացվեց, քանի որ գնդակին չհասավ Էդգար Մովսեսյանը։ Բայց մի քանի րոպե անց Մովսեսյանը գեղեցիկ փոխանցումով հարվածի դուրս բերեց Միքայել Միրզոյանին, ու վերջինս բացեց խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո հյուրերը բավականին ակտիվացան, ու դրվագներից մեկում շատ մոտին պատասխան գնդակը խփելուն, բայց «Ուրարտուի» պաշտպաններին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը։ Հյուրերը կորցնելու ոչինչ այլևս չունեին ու փորձում էին ապացուցել, որ կարող են և ավելիին հասնել։ Բայց առաջին կեսում հաշիվը մնաց «Ուրարտուի» օգտին՝ 1։0։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում փոխարինման դուրս եկած Իվան Իգնատևի փոխանցումից հետո Միքայել Միրզոյանը դարձավ դուբլի հեղինակ ու վերջնականապես ապահովեց «Ուրարտուի» հաղթանակը դիմակայությունում։ Առջևում դեռ խաղաժամանակ կար, բայց ոչ ոք չէր կասկածում մեր թիմի հաղթանակին։ Հետագայում խաղի տեմպը ընկավ, ու ինչ–որ տեղ թիմերը ուղղակի խաղը հասցրին ավարտին։ Երկու խաղերում էլ հաղթելով` «Ուրարտուն» անցավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Հուլիսի 25-ին «Ուրարտուն» որակավորման երկրորդ փուլում մրցելու է չեխական «Բանիկ» թիմի հետ և առաջին խաղը անցկացնելու է մրցակցի հարկի տակ։
«Ուրարտուն» նոր մարզադաշտ կունենա, իսկ «Ալաշկե՞րտը»