ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ Չինաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ: Այսօր Հայաստանում Չինաստանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը:
Նրա խոսքով՝ Չինաստանը մշտապես կարևորել է Կովկասի երկրների հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հարգելով նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և փոխշահավետ համագործակցություն հաստատելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:
«Վերջերս Չինաստանը ռազմավարական համագործակցություն հաստատեց Վրաստանի և Ադրբեջանի հետ, ինչը երկկողմ հարաբերությունների որակական բարելավում է և ուղղված չէ երրորդ կողմերի դեմ»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև ավանդական բարեկամությունը խոր արմատներ ունի, և համագործակցությունը շարունակում է նոր պտուղներ տալ, կան բոլոր պայմանները երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: Պեկինը ձգտում է հասնել այդ նպատակին՝ նպաստելով Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը։