Փաշինյանը Գերմանիայի կանցլերին է ներկայացրել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները

Զրուցակիցները խոսել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների և դրանց հասցեագրման համատեքստում միջազգային հանրության աջակցության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ հանդիպումը կայացել է Մեծ Բրիտանիայում` Բլենհայմյան պալատում։
«Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը: Կողմերը կարևորել են նաև միջազգային հանրության շարունակական աջակցությունը:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը։
Հիշեցնենք` Փաշինյանը հուլիսի 17-ին Լոնդոն է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի հետ։ Նրանք այնտեղ են լինելու մինչև ամսի 20-ը։
ՀՀ վարչապետը Մեծ Բրիտանիա է մեկնել Եվրոպական քաղաքական համայնքի 4–րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Գագաթնաժողովի շրջանակում նա այսօր ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար Կայա Կալլասի, Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Մեծ Բրիտանիայում. ի՞նչ են քննարկել