ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ ԱՄՆ նախկին նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման կարծում է, որ իր կուսակից և գործող նախագահ Ջո Բայդենը պետք է մտածի, թե որքանով «կենսունակ» կլինի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում։ Այս մասին այսօր գրել է «Washington Post» թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ 44-րդ նախագահն օրերս իր մերձավորներին ասել է, որ Բայդենը հետզհետո ավելի է հեռանում հաղթանակից։ Չնայած այն հանգամանքին, որ Օբաման հանրապետական Դոնալդ Թրամփի հետ բանավեճում Բայդենի ձախողումից հետո հրապարակավ պաշտպանել է գործող նախագահին, ըստ թերթի, նա անհանգստանում է, որ Բայդենի վարկանիշը շարունակում է ընկնել: Քանի որ Բայդենը նախկինում Օբամայի վարչակազմում փոխնախագահ էր, և նրանք մտերիմ են, շատ նշանավոր դեմոկրատներ Օբամային առաջարկել են նրա հետ քննարկել այդ հարցը:
Միաժամանակ «Axios»–ը գրում է, որ Բայդենը կարող է հայտարարել ընտրապայքարից դուրս գալու մասին արդեն հուլիսի 20-21-ը՝ տեղի տալով Կոնգրեսի առաջնորդների, դեմոկրատական կուսակցության անդամների և մտերիմների կողմից աճող ճնշմանը։
Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ կայացած բանավեճի ժամանակ Բայդենն ու Թրամփը բազմաթիվ վիրավորանքներ հնչեցրին միմյանց հասցեին։ Բայդենն իր մրցակցին անվանեց «դեղնակտուց» և «անհաջողակ», իսկ Թրամփն ասաց, որ նա հանցագործ է և «մանջուրի թեկնածու»։ Բանավեճից հետո մեծամասնությունը հաղթանակը վերագրեց հանրապետական թեկնածուին, իսկ դեմոկրատի ելույթն այնքան անհամոզիչ էր, որ կուսակցությունում սկսեցին քննարկել նոյեմբերին կայանալիք ընտրություններում Բայդենին փոխարինելու հնարավորությունը։