Մեծ հնդկական հարսանիք. մի քանի ամիս տևած արարողության համար 600 միլիոն դոլար է ծախսվել

Անանտ Ամբանիի և Ռադհիկա Մերչանթի հարսանեկան արարողությունը
Այս շաբաթ վերջապես ավարտվեց աշխարհի երևի թե ամենաճոխ հարսանիքը, որի երեք փուլերը տևեցին մի քանի ամիս։
Sputnik
Հնդկաստանի ամենահարուստ մարդու՝ Մուքեշ Ամբանիի որդու՝ 28-ամյա Անանտի և մեկ այլ միլիարդատիրոջ դստեր՝ 29-ամյա Ռադհիկա Մերչանթի հարսանեկան արարողությունը սկսվեց մարտին Հնդկաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Ուդայփուրում, ուր ժամանել էին Հիլարի Քլինթոնը, Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը, Իվանկա Թրամփը և այլ հայտնի մարդիկ։
Նրանց համար արշավ էր կազմակերպվել փեսային պատկանող «Վանտարա» արգելոցում, որի 200 հեկտար տարածքում բնակվում են երկու հազարից ավելի կենդանիներ։ Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված 25 խոհարարները հյուրերին առաջարկում էին ճապոնական, մեքսիկական և թաիլանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ բարդ ընտրություն պիտի կատարեին հյուրերը, ասեմ, որ միայն ընթրիքի 275 տարբերակ կար, նախաճաշի ու ճաշի մասին էլ չեմ ասում։
Ջեյմս Դեյվիդ Վենս. լեռնեցուց մինչև փոխնախագահի թեկնածու
Մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ եռափուլ հարսանիքի երկրորդ արարը, որն, այսպես ասենք, ավելի դեմոկրատական էր և ավելի եվրոպական։ Մոտ 1200 մարդ հսկա նավով պտտվեց Միջերկրական ծովի առափնյա քաղաքներով, զբոսնեց իտալական և ֆրանսիական հայտնի առողջարանների փողոցներով։ Իհարկե, կրկին հայտնի մարդիկ կային, բայց նորապսակները հիմնականում հրավիրել էին իրենց մերձավորներին, հարազատներին, ծանոթներին, ընտանեկան բժիշկներին, մեծահարուստին պատկանող ընկերությունների աշխատողներին։
«Ուղղակի ցանկացանք անմոռանալի տոն կազմակերպել այն մարդկանց համար, որոնք մեզ շրջապատում են, օգնում են, աշխատում են մեզ հետ միասին»,- բացատրել է հարսնացուն։
Տեքումսեն անիծել էր ԱՄՆ-ի նախագահներին. ինչու փրկվեց Թրամփը
Ի դեպ, ինչպես դիպուկ նկատել է մեկնաբաններից մեկը, այս ծովային շրջագայությունը մեղրամսի ճիշտ հակառակն էր. եթե սովորաբար նորապսակները ճանապարհորդության են մեկնում հարսանիքից հետո և, բնականաբար, առանց հարազատների, ապա այս ճամփորդությունը կազմակերպված էր բուն հարսանիքի նախօրեին և հատկապես հենց մերձավորների համար։ Դե, Հնդկաստանը հնուց է հայտնի իր եզակի ու խորհրդավոր ավանդույթներով։
Եվ վերջապես անցած շաբաթավերջին Մումբայ քաղաքում սկսվեց դարի հարսանիքի երրորդ՝ ավարտական փուլը, որը տևեց երեք օր։ Իհարկե, մենք՝ հայերս, նախկինում ավելի երկար հարսանիք էլ ենք արել։ Հոգևորականներից մեկի վկայությամբ` միջնադարում մեր նախնիները սովորություն են ունեցել հարսանիքի տոնախմբությունը յոթ օր անել, որից հետո` ութերորդ օրը, հարսն ու փեսան գնում էին եկեղեցի` Սուրբ պսակի արարողության։ Բայց խոստովանենք` մեր օլիգարխների կամ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների հարսանիքները, որոնք սիրում է նկարագրել դեղնավուն երանգ ունեցող մամուլը, հնդկական այս մեծ ու չաղ հարսանիքին չեն էլ մոտենում։
Բրիտանական «Guardian» թերթը պնդում է, որ այս հարսանիքի վրա փեսայի հայրը ծախսել է ավելի քան 600 միլիոն դոլար։ Համեմատության համար ասեմ, որ մոտավորապես այդքան են կազմել Հայաստանի պաշտպանական ծախսերը 2020 թվականին։ Սակայն «Ֆորբսի» մեծահարուստների ցանկում տասնմեկերորդ տեղը զբաղեցնող Մուքեշ Ամբանիի համար այդ 600 միլիոնը, կարելի է ասել, մանրուք է, որովհետև կազմում է նրա 125-միլիարդանոց կարողության ընդամենը կես տոկոսը։
Ըստ տարբեր աղբյուրների` հարսանիքին ներկա է եղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Տարօրինակ է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներից հրավիրված էր Բորիս Ջոնսոնը, այլ ոչ թե Ռիշի Սունակը, որը ծագումով հնդիկ է։ Թեև կարելի է ենթադրել, որ Սունակը հարսանիքի տրամադրություն էլ չուներ, որովհետև հենց նրան են մեղադրում այն ջախջախիչ պարտության մեջ, որը պահպանողականները կրեցին երկու շաբաթ առաջ կայացած խորհրդարանական ընտրություններում։ Երևի կռահում եք, որ դարի այս հարսանիքը առանց հայերի ներկայության չի անցել։ Այո՛, շատ ճիշտ եք, Մումբայում էին նաև Քարդաշյան քույրերը։
Մարդն օրական պետք է ուտի առնվազն 1 փոքր քար. արհեստական բանականության «հալյուցինացիաները»
Իհարկե, երբ հերթական անգամ լսում ես աննախադեպ ճոխ հարսանիքի մասին, միշտ մտածում ես՝ կարևորը, որ նորապսակները երջանիկ լինեն։ Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ նույնիսկ առաջատար արևմտյան լրատվամիջոցներն էին գրում այն մեծ հայկական հարսանիքի մասին, որը կայացավ Կալիֆոռնիայում։ Լոս Անջելեսում ամուսնացան Ռուսաստանում հայտնի, «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիր 46-ամյա գործարար Ալբերտ Ավդոլյանի որդին՝ Գասպարը, և ռուսաստանյան մեկ այլ ընկերության համասեփականատեր, խոշոր ձեռնարկատեր Էլդար Օսմանովի դուստրը` Լոլիտան: Անսովորն այն էր, որ հարսանիքը տեղի ունեցավ «Dolby Theatre» թատրոնի համերգասրահում։ Դա հենց այն դահլիճն է, որտեղ ամեն տարի հանձնվում են «Օսկարները»։
Այդ ճոխ արարողությունը, որի վրա ծախսվել էր մի քանի տասնյակ միլիոն դոլար, լայնորեն լուսաբանվեց։ Սակայն, կարծում եմ, ոչ բոլորն են տեղյակ, որ անցավ մեկ տարի, և Գասպարն ու Լոլիտան բաժանվեցին։ Ուրեմն հետևեք Խրիմյան Հայրիկի խորհրդին. «Սիրեցէ՛ք զմիմեանս, այսինքն իրարու սիրեցէ՛ք, իրարու հետ սիրով և խաղաղութեամբ ապրեցէ՛ք, և պիտի տեսնաք, որ երջանիկ պիտի լինիք»։