ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հակասական ու անտրամաբանական են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից վերջին շրջանում նյութերի ջնջելն ու արգելափակելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Նշենք, որ վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներ, լրագրողներ նկատել են, որ իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջերից գրառումներ են ջնջվում՝ միանգամայն անհասկանալի պատճառներով։
Խնդրի մասին մասնագետներին ահազանգել են մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցներ` «razm info», «Հետք», «A1plus», «Առավոտ», «Մեդիամաքս», «Փաստինֆո», «Ռադար Արմենիա», «168 ժամ», «Yerevan Today», «Սիվիլնեթ» և այլն։
Պապյանը նշում է, որ լրատվամիջոցները հիմնականում ստացել են ծանուցումներ այն մասին, որ այս կամ այն գրառումը չի համապատասխանում «Ֆեյսբուքի» համայնքի կանոններին, դրա հետևանքով հեռացվում է։
«Երբ ուսումնասիրում ես Facebook Community–ի ստանդարտները, որևէ տրամաբանական բացատրություն հնարավոր չի լինում գտնել, թե ինչին կարող էր հակասել այս կամ այն գրառումը, օրինակ` ֆուտբոլի մասին։ Կամ ո՛չ բռնություն, ո՛չ հակասական կոնտենտ չկա և հանկարծ արգելափակվում է, հատկապես այսպիսի դեպքերի մասին է խոսքը»,–ներկայացրեց մեդիափորձագետը։
Նշեց` նման խնդիրները կարող են ազդել ընդհանրապես էջի հասանելիության և տեսանելիության վրա, դա է պատճառը, որ լրատվական էջեր վարողները այս իրավիճակից խիստ անհանգստանում են, որովհետև լսարան են կորցնում։ Ընդ որում` շատերը բողոքարկումներ են ներկայացրել, և շատ դեպքերում այդ բողոքարկումներին էլ որևէ կերպ չի արձագանքել «Meta»–ն։
«Սրա հետևանքով բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, և Հայաստանում բոլորովին տարբեր քաղաքական, բովանդակային ուղղվածության լրատվական էջեր հայտնվել են լուրջ խնդրի առջև։ Նրանց տարածած գրառումների տեսանելիությունը նվազում է, և որևէ կերպ հասկանալի չէ` ինչու»,–նշեց մեր զրուցակիցը։
Մեդիափորձագետը հարցը քննարկել է մեր տարածաշրջանում «Meta» ընկերության ներկայացուցչի հետ։ Նա ընկերությանը ներկայացնելու համար ջնջված կամ արգելափակված գրառումների մասին փաստեր է այժմ հավաքում, ցուցակագրում լրատվականների ֆեյսբուքյան հղումները։
«Մենք պետք է հասկանանք` համակարգված հարձակում է, թե ուղղակի ինչ–որ բան է փոխվել, ու մենք չգիտենք այդ մասին, որպեսզի գոնե որևէ բացատրություն ունենանք կամ խորհուրդ ստանանք, թե ինչից խուսափենք։ Կամ եթե ուղղակի տեխնիկական խնդիր է եղել հայկական էջերի նկատմամբ, այդ սահմանափակումները կամ կասկածելի վերաբերմունքը վերացվի, որպեսզի էջերը վերադառնան իրենց նորմալ կենսագործունեությանը»,–հավելեց Պապյանը։
Փորձագետը դժվարացավ ասել` ֆեյսբուքյան այդ արգելափակումներն ու նյութերի ջնջելն անվտանգության հարց է, թե ոչ։ Բայց դիտարկելով` հանգել է եզրակացության, որ ինչ–որ առումով խոսքի ազատության հետ կապված խնդիր կա. մարդիկ չեն կարողանում տարածել իրենց կոնտենտը և նույնիսկ չեն հականում` ինչում է խնդիրը։