ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ծավալը 2024-ի առաջին 5 ամիսներին գերազանցել է 1,2 մլրդ դոլարը: Այս մասին Չինաստանի դեսպանատանը ԶԼՄ-ների համար ընդունելության ժամանակ ասել է Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը:
«Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1,2 մլրդ դոլարը՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 54%-ով և գրանցելով պատմական ռեկորդ», - ասել է Մին Չենը:
Չինացի դիվանագետի խոսքով՝ համագործակցությունը այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավը», էլեկտրակայանների արդիականացումը, հաջողությամբ առաջ է ընթանում:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սեպտեմբերից մեկնարկելու են Չինաստանից Հայաստան չվերթերը։ Դա թույլ կտա էլ ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները։